Գոռ Հակոբյանի հիշատակին

Գոռ Հակոբյանի Գեղանկարչական գործեր


Գոռ Հայկասարի Հակոբյան, ծնվել է 1992թ մարտի 21֊ին Լոռու մարզի Ջիլիզա գյուղում։ Սովորել է Ջիլիզայի Մ.Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցում գերազանց,այնուհետև անվճար հիմունքներով ընդունվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի և գծագրության բաժինը և կարմիր դիպլոմով ավարտել այն։ Գոռը մասնագիտությամբ գեղանկարիչ էր։ Ունի արվեստի բազմաթիվ գործեր(մոտ 100) աշխատանք։ Գեղանկարիչ Գոռ Հակոբյանի արվեստի ցուցադրությունը, հետմահու, իրագործվեց Նկարիչների միությունում 2021թ. մարտի 12֊14֊ին,որը Գոռի բաղձալի երազանքն էր և 2022թ. հունիսի 9֊22 Վանաձորի կերպարվեստի թանգարանում։ 2012֊2014թթ ժամկետային ծառայությունը կամավորության սկզբունքով Գոռը անց է կացրել Արցախում՝ ծառայելով գերազանց։

Ծառայության ընթացքում Մարտակերտի զորամասի պատին վրձնել է մի հրաշք նկար և նվիրել զորամասին։Ծառայոյթյան ընթա քում կարգապահ վարքի համար արժանա եմ է բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի, խրախուսական նվեր֊ժամացույցի։ 7 անգամ օգտվել է ծառայո ական արձանուրդից։ Ծառայությունից վերադարձել է “ավագ” կոչումով։ Առանց հանգստի,որոշել է շարունակել ծառայությունը,անցնելով պայմանագրային ծառայության ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Մինչ պատերազմը գերազանց ծառայության համար պարգևատրվել է “Գերազանց ծառայության համար” կրծքանշանով։      

Կամավորագրվել և մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և մեկ ամիս ծառայել Հորադիզում։ Այս պատերազմին կրկին ռազմի դաշտ է մեկնել իր անունը պարտադրաբար ներկայացնելով ռազմադաշտ մեկնողների ցուցակում։ Մեկնել է Արցախ՝ Կովսական, հոկտեմբերի 31֊ին։ Մասնակցել է Կովսականի համար մղվող մարտերին։ Զոհվել է նոյեմբերի 8֊ին, հրադադարից ժամեր առաջ, ԱԹՍ֊ի հարվածից, զինակից ընկերոջ կյանքը փրկելիս։ Հետմահու Հհ նախագահի կողմից պարգևատրվել է  “Մարտական ծառայության” մեդալով։   

Զանգում էր 2 օրը մեկ, մեկ վայրկյանով ու միշտ ասում էր. “Մամ ջան,չմտածես, թուրքը ու՞մ շունն է, հաղթելու ենք… “Գոռի նշանաբանն էր. Կյանքս՝ Հայրենիքիս, Հոգիս՝ Աստծուն, Պատիվս ՝ ինձ… Նա հաճախակի էր կրկնում… ու մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ…

Գոռի ժամկետային ծառայության նոթատետրից՝ պատառիկներ. Հայրենասեր պիտի լինեն բոլոր ազգերը, փոքրերը՝ավելի՝ քան մեծերը.մենք՝առավել՝ քան մյուսները… Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։ Ուժեղինն է աշխարհը,հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ։ Ապրել ու կռվել այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժե ապրել։

Գոռի մոտ դեռ փոքր տարիքից, ի հայտ եկավ նկարչական տաղանդը։ Ընդամենը 3 տարեկան էր, երբ սկսեց նկարել։ Նկարում էր որտեղ հնարավոր էր, ինչով հնարավոր էր։ Նկարում էր կավիճով, մատիտով, գրիչով, ածուխով, նույնիսկ՝ ավազի հատիկներով։ Նրան բոլորը փոքրիկ հանրագիտարան էին անվանում։ Առաջին դասարան է հաճախել ավելի փոքր տարիքում՝ հանուն ընկերոջ։ Գոռն անչափ շատ էր սիրում Հայոց պատմությունը, խորանում էր հայոց պատմության ծալքերում…

նա գծագրում էր ազատ, անկախ Հայաստանի իր երազանքների քարտեզը։ Գոռի նպատակներն անսահման էին… նա երազում էր այգի հիմնել, որը մասամբ իրականացրեց, տուն կառուցել, վերանորոգել հայրենի Ջիլիզա գյուղի կիսաքանդ եկեղեցին։ Սիրում էր բոլոր հայկական ֆիլմերը։ Սիրում էր Պարույր Սևակի, Համո Սահյանի ստեղծագործությունները։ Նա Գարեգին Նժդեհի ջատագովն էր։ Գոռը մեր փոքրիկ գյուղի տաղանդավոր արվեստագետն էր։ Գոռի մարմինը ամփոփված իր հայրենի գյուղի ընտանեկան գերեզմանատանը՝ հոր կողքին։