
Գոռ Ավետիքյանի Գեղանկարչական գործեր, Լուսանկարները՝ Տաթև Մնացականյանի











Ավետիս Ավենտիսյանի աուդիոգիրք

Գրքի անգլերեն տարբերակը նվիրված է հերոս Գոռ Ավետիքյանի հիշատակին, որի շապիկը զարդարում է Գոռի գործերից մեկը։
Գոռ անունով պայծառ նկարիչը



Գոռ Վասիլիի Ավետիքյանը ծնվել է 2000թ հուլիսի 6֊ին Երևանում։ 2006֊2015թ սովորել է Նոր Նորքի 5֊րդ զանգվածի Ա. Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում։
Ուսմանը զուգահեռ հաճախել է Նոր Նորքի Հայորդաց տան գեղանկարչության խմբակ, ինչպես նաև Երևանի 《Տորք Անգեղ》մարզամշակութային կենտրոն, որպես եռամարտիկ։ Թե՛ նկարչության մեջ, թե՛ սպորտում Գոռը արժանացել է բարձր մրցանակների։ 2015թ․ ընդունվել է Փ․Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, գեղանկարչության բաժին։ Կյանքի բազմազանությունը գնահատող Գոռը գեղանկարչությանը զուգահեռ ուսումնասիրել է լեզուներ, քիմիա, կենսաբանություն, անատոմիա, հոգեբանություն, մանկավարժություն, երաժշտություն, մարտարվեստներ, խոհարարություն։ Նրա հետ անվերջ կարելի էր խոսել այդ թեմաներով ու զարմանալ, թե որտեղի՞ց նրան այդչափ իմացություն այդքան մատաղ տարիքում։ Գոռն արդեն հաստատուն քայլեր էր անում նկարչության ասպարեզում՝ ցուցադրելով վառ ու ազդեցիկ գունապնակ, զարգացնելով նկարելու ուրույն ոճ։ Նա սիրում էր նկարչությունն այնպես ինքնամոռաց, ինչպես որ կյանքն էր սիրում։
2019թ հունվարի 21֊ին զորակոչվել է հայկական բանակի զինված ուժեր’ անավարտ թողնելով ուսումը։ Առաջին 6 ամսում ծառայությունը իրականացրել է Արմավիրի թիվ 60925 ուսումնական զորամասում, որպես ՀՄՄ֊ի մեխանիկ-վարորդ, այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 35383 զորամասում։ Գոռը առաջավոր և կարգապահ մարտիկ էր․ պարտքի զգացումով ու մեծ ջանասիրությամբ է կատարել իր ծառայողական պարտականությունները, մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերել բարձր ցուցանիշներ։ Նա արժանացել է բազմաթիվ խրախուսանքների ու շնորհակալագրերի՝ հայրենիքի պաշտպանության գործում հայրենանվեր ծառայություն համար։
2019թ ամռանը Գոռը զինվորական ծառայությունը շարունակել է Արցախի հանրապետությունում, Մարտունի 3 զորամասում, որպես ՀՄՄ֊ի ավագ մեխանիկ վարորդ՝ կրկին աչքի ընկնելով մարտական բարձր առաջադիմությամբ։
Նա արժանացել է “Քաջարի մարտիկ”, ” Բանակի գերազանցիկ”, ” ՀՀԶՈւ լավագույն զինվոր֊մարզիկ” կրծքանշաններին։
Գոռի անձնվեր ու ինքնամոռաց սերը Հայրենիքի նկատմամբ ապացուցվում է պատերազմի ընթացքում։ Թշնամու հրետակոծության հետևանքով փլուզվում է զորամասը։ Գոռը չի լքում հրետակոծվող տարածքը, մինչև լուսամուտից դուրս չի հանում վերջին ծառայակից ընկերոջը՝ մազապուրծ լինելով վերահաս ռումբի պայթյունից։
Գոռն իր հայրենիքի նվիրվածությունն ու ընկերասիրությունը գործով ապացուցում է նաև այն ժամանակ, երբ ընկերների կողքին հայտնվելու համար ժամ առաջ լքում է հոսպիտալը, որտեղ հայտնվել էր ոտքերի վերքերից արյան վարակ ստանալու պատճառով։
Ընդհամենը 5 օր չհերիքեց Գոռին մինչև պատերազմի ավարտը։ Վերջին անգամ զանգահարեց նոյեմբերի 2֊ին երեկոյան՝ տեղեկացնելով, որ առաջ են տանում ու չգիտի, թե ինչ կլինի հետո։ Նա հերոսաբար ընկավ մարտում, նոյեմբերի 3֊ին, զենքը լիցքավորելու ժամանակ, թշնամու տանկի հարվածից՝ այդպես էլ չավարտելով իր ծառայության վերջին 100 օրը։
Գոռը հետմահու պարգևատրվեց “Մարտական ծառայություն” և “Արիություն” մեդալներով։ Գոռը զոհվել է Մարտունի 3֊ի դիրքերում և հուղարկավորվել Եռաբլուր պանթեոնում։
Գոռը կենսուրախ էր, անչափ բարի ու շատ նրբանկատ։ Նրա մեջ մի լուսավոր կենսական ուժ կար, որով նա ուրախացնում էր տխուրին, հուսադրում վհատվածին։ Գոռը անկողմնակալ սիրով սիրում էր բոլորին և ընդունում մարդկանց իրենց թերություններով հանդերձ։
Չկրկնվող մարդու տեսակ է Գոռը՝ հազվադեպ ես նրանց հանդիպում և ողջ կյանքում այդ պատկերը մնում է թե՛ մանկական, թե՛ տարիք ապրած սրտում։ Քո սրտում։ Գոռը շատ էր սիրում կյանքի գույները, կյանքի մեղեդին, որ այդպես էլ մնաց անավարտ։ Նա չէր վախենում ապրել, կյանքից չէր վախենում։ Նա ըմբոշխնում էր կյանքը՝ ջանասիրությամբ ու վայելքով։
Մի զենք ուներ՝ սեր և մի բուժիչ դեղ՝ կարեկցանքը, որին մարդ հասու կլինի մի օր, երբ պատրաստ լինի։ Գոռը պատրաստ էր։
Մի օրն այնքա՜ն քիչ է ճանաչելու Գոռի կյանքի արվեստը։
Հիմա այդ արվեստը նա մեզ է ժառանգել~






Գոռ Ավետիքյանի նկարները Լուսանկարները՝ Փիրուզա Թեմուրյանի















































